19.03.2013|
12:10
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի շուրջ ամենատարբեր խոսակցությունները չեն դադարում։ Նախ խոսվում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հեռացման մասին, նշվում են դիրիժորների անուններ, ովքեր պետք է փոխարինեն նրան։ Թոփչյանին է վերագրվում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ ստվերային համագործակցության փաստը։ Վերջերս էլ կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը (Ավետ Տերտերյանի որդին) խիստ քննադատության ենթարկեց Թոփչյանի՝ ֆիլհարմոնիկ նվագախումբն արտասահմանցի ցածրակարգ երաժիշտներով համալրելու փաստը, ովքեր, ասում են, շատ ավելի բարձր են վարձատրվում, քան տեղացի երաժիշտները։ Ըստ որոշ լուրերի՝ այս հանգամանքը դժգոհության ալիք է բարձրացրել նվագախմբի ներսում։ Ավելին, ըստ Ռուբեն Տերտերյանի՝ վերջերս նվագախումբ հրավիրված իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը համերգներին աչքի է ընկել ֆալշ կատարմամբ։ Տերտերյանի ասածը նաև փաստում է ինքը՝ Թոփչյանը, որն «Իրատես de facto»-ին տված իր հարցազրույցում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում համաձայնել է, որ իսպանացին «կիքսեր» է ունենում։
Նվագախմբում առկա խնդիրների և Ռուբեն Տերտերյանի գնահատականների մասին զրուցեցինք ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գալարափողահար ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։